Ավելի քան 5.3 մլն դրամի հափշտակություն Մանկավարժական համալսարանում. նախկին պրոռեկտորին ու տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել

18.05.2026, 20:16
Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն։
Ավելի քան 5.3 մլն դրամի հափշտակություն Մանկավարժական համալսարանում. նախկին պրոռեկտորին ու տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն։

Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ կոմիտեի տրամադրած տեղեկատվության, ավարտվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես հայտնում են իրավապահ մարմինները, քննությամբ պարզվել է, որ բուհի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է ընդհանուր առմամբ ավելի քան 5,3 միլիոն դրամ գումար: Մասնավորապես՝ հիմնարկի տնօրենը, տեղյակ լինելով, որ հիշյալ մասնագետը աշխատանքի չի հաճախել և պարտականությունները չի կատարել, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է ներառել վերջինիս աշխատանքի ներկայանալու վերաբերյալ՝ օժանդակելով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակմանը։

Բացի այդ, համալսարանի նախկին պրոռեկտորը, նույնպես տեղյակ լինելով իրավիճակից, որևէ միջոց չի ձեռնարկել մասնագետի կարգավիճակը դադարեցնելու և նրան աշխատավարձ չվճարելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ համալսարանի նախկին պրոռեկտորին, գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին և մասնագետին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիքի համար։

Նախաքննության ընթացքում մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են պետությանը պատճառված նյութական վնասը։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: