Անձնագրերի առգրավում և կեղծ գեմբլինգ. բացահայտվել է Արաբկիրում գործող հանցավոր խմբավորում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկություններ է ստացել Արաբկիրում գործող հանցավոր խմբավորման մասին, ինչի հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում են ՆԳՆ-ից։
«Մայիսի 13-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն: Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան», - նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, իրավապահները հայտնաբերել են մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ՝ օգտագործելով հոսթինգ ծառայություններ։
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։
ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղեկացմամբ` խուզարկությամբ պարզվել է, որ խմբի որոշ անդամների անձնագրերը վերցրել են, ինչը բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներին:
Նա հայտնել է, որ ներկայումս քննություն է իրականացվում` պարզելու, թե հափշտակությունից բացի կա արդյոք թրաֆիքինգին բնորոշ հանցավոր արարք։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոջառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։
«Մասնավորապես՝ խմբում ներգրավված անձինք, քողարկվելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո և փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ՝ կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված «կեղծ գեմբլինգը» (fake gambling)։ Հատուկ ծրագրային ապահովման և համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։
ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը հայտնել է, որ կեղծ գեմբլինգն այն է, երբ յանցավոր խմբերի կողմից ստեղծում են առցանց կեղծ խաղատներ, որոնց միջոցով հափշտակում են քաղաքացիների միջոցները։ Այդ խաղատներում վճարումները կարող են կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով՝ նպատակ ունենալով քողարկել հանցավոր գործունեությունը, խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները։
Նրա խոսքով` օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները (հիմնականում՝ USDT), շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները։ Ավելին, հանցագործները ստեղծել էին նաև USDT-ի նման կեղծ կրիպտոմիավորներ՝ մարդկանց մոլորեցնելու և հափշտակություններն իրականացնելու համար»։
Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է։
Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

