Օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը թաքցնելու առթիվ քրվարույթ է նախաձեռնվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ․ վերջինս մեկնաբանել է
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ի (Նարեկ Կարապետյան) նկատմամբ՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը թաքցնելու առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»,– նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
ՔԿ–ից նաև հայտնում են, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
Կատարվում է նախաքննություն:
Նարեկ Կարապետյանը Facebook-յան իր էջում մեկնաբանել է տեղեկությունը՝ նշելով, որ նա ունի միայն ՀՀ քաղաքացիություն։
«Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է:
Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն:
Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից: Փոփոխությունները գալիս են», - գրել է Կարապետյանը:

