Գալուզինը հայտնել է ՀՀ և ՌԴ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկի մասին

21.05.2026, 11:44
Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն հակասում են ՀՀ ղեկավարության վերջին քայլերը և այդ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ են պարունակում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար՝ Միխայիլ Գալուզինը
Գալուզինը հայտնել է ՀՀ և ՌԴ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն հակասում են ՀՀ ղեկավարության վերջին քայլերը և այդ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ են պարունակում։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք, ակնհայտորեն, հակասում են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ոգուն և այդ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ են պարունակում»,- Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողներին ասել է նա։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմն ավելի վաղ արդեն հայտնել է իր բացասական գնահատականը հայ գործընկերներին՝ «լիովին անկեղծ, գործընկերային ձևով»։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ մնում է անփոփոխ։

«Հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է, և Ռուսաստանը միշտ օգնել է եղբայրական հայ ժողովրդին, միշտ եղել է կողքին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Գալուզինը հիշեցրել է, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերել Հայաստանին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, ինչպես նաև 2024 թվականի մայիսի տարերային աղետներից հետո, երբ վերականգնվեց կենսական նշանակություն ունեցող երկաթուղային ենթակառուցվածքի աշխատանքը։