Արցախցի Արթուր Օսիպյանը կալանավորվել է

21.05.2026, 10:22
Արցախի նախկին քաղաքական, հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը կալանավորվել է ՀՀ վարչապետի հասցեին  բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար
Արցախցի Արթուր Օսիպյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախի նախկին քաղաքական, հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը կալանավորվել է։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:

Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Ա.Օ.-ն կալանավորվել է», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մայիսի 18-ին Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի է ունեցել վեճ, որն այնուհետև վերածվել է քաշքշուկի։

Վեճի ընթացքում Օսիպյանն անդրադարձել է Արցախ ուղղվող դրամական միջոցների ծախսմանը, տարածաշրջանի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և փախստականների վերադարձի թեմային վերաբերող հարցերի։ Փաշինյանն իր հերթին ընդդիմախոսին մեղադրել է «ադրբեջանական նարատիվներ» օգտագործելու մեջ։