«Վերջին զանգի» օրերին ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության․ ՆԳՆ

20.05.2026, 21:09
Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերը կանխելու համար ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները
«Վերջին զանգի» օրերին ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 22-23-ը հանրապետությունում կայանալիք «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման նպատակով Ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության։

Այս մասին մայիսի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում պատշաճ կարգ ու կանոն ապահովելու համար կիրառվելու են հավելյալ անվտանգային մեխանիզմներ։ Դպրոցներում և հարակից տարածքներում կգործեն կայուն պահակակետեր և շրջիկ ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունները։

Պարեկային ծառայությունը վերահսկողություն կիրականացնի բանուկ խաչմերուկներում և հանդիսությունների սրահների հարակից տարածքներում։ Գվարդիայի ծառայողները կապահովեն հասարակական կարգի պահպանումը, իսկ համայնքային ոստիկանները կգործեն առանձնացված տարածքներում ու ռիսկային գոտիներում։

Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերը կանխելու համար ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։

Կամո Ցուցուլյանը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ցուցաբերել առավելագույն զգոնություն և հատուկ հրահանգել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, ինչպես նաև ղեկը անչափահասներին վստահելու բոլոր դեպքերին։