Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն արձագանքել է «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակին

20.05.2026, 17:21
ՀՀ գլխավոր դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում
Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն արձագանքել է «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գերատեսչությունից նշում են, որ ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թ․-ի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

«Հաղորդման հիման վրա 2026 թ․-ի մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով», - նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունից հիշեցրել են, որ 2001 թ․-ի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» կազմակերպությունը, սակայն ավեի ուշ այն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:

Նշվում է, որ 2002 թ․-ին ձեռնարկության բաժնետոմսերը սեփականաշնորհվել են ուղղակի վաճառքով մասնավորեցվել են բելգիական «Ռոբերտո» ընկերությանը՝ 200 հազար դոլարով։ Ընդ որում, ընկերության հիմնադիրներն են եղել ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, իսկ դրա կառավարիչ էր նշանակվել Վահագն Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի ազգականը։

Վարույթի քննությանը զուգահեռ՝ Դատախազությունը 2026 թ․-ի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, անդրադառնալով իրավիճակին,հայտարարել է,որ իրենք իրավական դաշտում հետամուտ են լինելու այդ հարցին:

«Մեր երկրի իրավապահ համակարգը լցված է 1 անձի ցուցումով, պատվերով համերգի տրամաբանության շրջանակում իր գործընթացները կազմակերպելու գործելաոճն է որդեգրել։ Դրա համար շատ ցավում եմ», - ասաց Տոնոյանը կուսակցության հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ։

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ Դատախազությունից, որ Արարատի ցեմենտի գործարանը ենթակա է պետականացման, և առաջիկայում գործարանում կնշանակվի կառավարիչ: