Նախարարը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի բացահայտում հայկական արտադրության զենքի արտահանման մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պարզաբանել է, թե ինչու չեն բացահայտվել հայրենական արտադրության սպառազինության արտահանման վերջին գործարքների մանրամասները։
Մայիսի 19-ին Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի սեփական արտադրության զենք է արտահանել՝ չնշելով կոնկրետ գումարը և ընկերությունը։
«Այն, ինչ արդեն տեղի է ունեցել, իրականում աննախադեպ է մեր պետության և մեր տնտեսության համար։ Առաջին անգամ արտահանվել է Հայաստանում մշակված և արտադրված ռազմական արտադրանք։ Դա տեղի է ունեցել մայիսին», — չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում նշել է Հայրապետյանը։
Նա «ոչ պատահական» է անվանել այն, որ հայտարարության մեջ չեն նշվել կոնկրետ ընկերություններ, արտահանման երկրներ, սպառազինության տեսակներ, քանակ և արժեք։
«Որպես կանոն, նման գործարքների դեպքում կողմերի միջև վերջնական համաձայնություն է անհրաժեշտ այս տվյալների հրապարակային բացահայտման համար։ Այս պահին նման համաձայնություն չկա», — ասել է Հայրապետյանը։
Նախարարն ընդգծել է, որ հենց դրանով է պայմանավորված հրապարակային մեկնաբանություններում զսպվածությունը, քանի որ հայտարարությունները չպետք է լրացուցիչ ռիսկեր ստեղծեն հետագա գործընթացների համար։
«Գործարքները, որոնք կնքվել են, իրականում կայացել են։ Սրանք առաջին քայլերն են, միայն սկիզբը շատ երկար ճանապարհի։ Ապագայում կլինեն նաև նոր գործարքներ։ Երբ բոլոր կողմերը հնարավոր համարեն դրանց հրապարակումը, կոնկրետ կհնչեցվեն ուղղությունները, սպառազինության տեսակներն ու գործարքների ծավալները», - նշել է Հայրապետյանը։

