Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մանասյանի մոր հուշերն ու տան նոր լույսը՝ Մանվելիկը․ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի-Արմենիա/. Պատերազմի արհավիրքն ու դրա թողած հետևանքները շարունակում են մնալ հայ ընտանիքների ամենամեծ ու չսպիացող ցավը։ 2020 թվականի փորձություններից հետո շատերի համար կյանքը բաժանվեց «առաջ»-ի և «հետո»-ի՝ դառնալով սև ու սպիտակ։
«Նովոստի-Արմենիա» -ի հետ զրույցում 2020 թ․-ի արցախյան պատերազմում զոհված 20-ամյա Սամվել Մանասյանի մայրը՝ Սոնա Մանուկյանը պատմել է կորստի անփոխարինելի ցավի, որդու կիսատ մնացած երազանքների և ընտանիքին ապրելու հույս տված փոքրիկ Մանվելի մասին՝ կոչ անելով հայ մայրերին լինել բարի ու շատ երեխաներ ունենալ։
Սամվելի կերպարը. բարություն, հարգանք և արմատների արժևորում
Մոր հուշերում Սամվելի կերպարում ամեն բան դրական էր, իսկ նրա ամենալավ ու վառ գիծը բարությունն ու հարգանքն էին։ Նա բոլորին չափում էր իր սեփական աչքերով։ Լինելով խաղաղասեր, մարդասեր, ընկերասեր, հարգալից ու աջակից՝ Սամվելը մարմնավորում էր իր մեջ եղած բոլոր լավ ու բարի կողմերը։
Նրա համար ամենակարևորը բարիքն էր, որն ինքն արժևորում էր։ Սամվելը հաճախ էր շեշտում իր ինքնությունն ու արմատները՝ ասելով․ «Մենք հայ ենք, մշեցի ենք, արմատներով ապարանցի ենք, պետք է գնահատենք և գնահատվենք»։
Կյանքում նա օգնում ու կարեկցում էր բոլորին, երբեք թույլ չէր տալիս, որ թույլ մարդկանց նեղացնեն, միշտ պաշտպանում էր նրանց։ Սամվելը նաև լավ է ծառայել հայոց բանակում՝ արժանանալով հարգանքի և շնորհակալագրի։

Կյանքը պատերազմից հետո. կիսատ մնացած երազանքներ և ամուր ընտանիքի գաղափարը
Մոր համար ամուր ընտանիք նշանակում է համախմբված՝ սիրով ու առանց բացակաների։ 2020 թվականի ծանր ու դաժան օրերին՝ պատերազմի ժամանակ, նրա ամենամեծ հենարանն են եղել ընտանիքը, հարազատները, բարեկամներն ու ընկերները, որոնցից ամեն մեկն իր պարտքն էր համարում օգնել։
Նախկինում ընտանիքում կյանքի և երջանկության մասին պատկերացումներն այլ էին․ օրերն անցնում էին ուրախ, անգամ սուրճ խմելն ավարտվում էր երգ ու պարով։ Հիմա ընտանիքն ապրում է, բայց ոչ առաջվա նման։ Չնայած ոչինչ հետ բերել հնարավոր չէ, լիարժեք ուրախանալ նույնպես չի հաջողվում, իսկ սեփական ցավն ուրիշին ցույց տալը բնականաբար հնարավոր չէ։
Այդուհանդերձ, Սամվելը միշտ ներկա է ընտանիքի օրվա ու կյանքի մեջ։ Ամեն օր հիշվում են նրա արկածներն ու չկատարված երազանքները, որոնք մնացին կիսատ։ Մայրը հիշում է որդու խոսքերը․ «Մամ ջան, չորս երեխա պետք է ունենամ, աղջկաս անունը Սոնա եմ դնելու»։ Այս ամենը ընդմիշտ կմնա հուշերում։
Փոքրիկ Մանվելիկը. նոր լույս և ավագ եղբոր նմանությունը
Ընտանիքին նոր ուրախություն և ապրելու հույս բերեց փոքրիկը՝ Մանվելիկը, ով դարձավ տան նոր լույսը։ Նրան գրկելիս մոր հուշերը թարմացել են, առաջացել է հուզմունք ու սարսուռ, քանի որ, ցավոք, Սամվելի տեղը ոչ ոք չի լրացնում, և այդ ցավը գնալով ավելի է ծանրանում ու հետևանքներ թողնում։
Մոր խոսքերով՝ Սամվելն ուրիշ աշխարհ էր։ Փոքրիկն ու ավագ եղբայրը տարբեր են, բայց նրանց հայացքներում, մազերի խառնվածքով, աչքի տակի խալով, նիհար տեսակով ու ժպիտով նմանություն կա։ Փոքրիկը նույնպես սիրում է նկարել։ Նա աշխույժ է, գերակտիվ, ժպտերես ու չարաճճի, ընդունակ երեխա է, և ապագայում հաստատ լավ մարդ կդառնա։
Փոքրիկ Մանվելիկը չի տեսել իր ավագ եղբորը, բայց ամեն օր հարցնում է. «Մամ, Սամոն ախպերս ո՞ւր է, սիրում եմ Սամոյին»։ Նա վերցնում ու համբուրում է եղբոր նկարները, հարցնում է՝ եթե գնացել է երկինք, երբ է գալու։ Մայրը պատասխանում է. «Տղես, Սամոդ գնացել է, դու ծնվել ես, մի օր անպայման կգա, կտեսնես»։
Ապագայում փոքրիկին պատմելու են, որ նա ունեցել է բարի, նպատակասլաց, խելացի, արվեստագետ ու ընկերասեր եղբայր, ով շատ էր սիրում կյանքը։

Մոր պատգամը. «Ունեցեք շատ երեխաներ և մի չարացեք»
Որպես մայր՝ այս կորուստն ամենադաժան ցավն է, որը երբեք չի սպիանա։ Այս ցավը միայն կորցնողն է հասկանում, քանի որ մայրն իր ամենաթանկին տվեց հայրենիքին, իսկ նրանց բազմաթիվ նպատակները մնացին անկատար։
Մայրն իր ուղերձում նշում է.
«Թող այս պատերազմը վերջինը լինի, թող ոչ մի մայր չտեսնի այս դառը ցավը, թող ոչ մի ընտանիքում բացականեր չլինեն»։
Իսկ նոր կյանք պարգևելու մասին դիմելով բոլորին՝ նա հավելում է. «Սիրելի մայրեր, ունեցեք շատ երեխաներ և մի չարացեք»։


