Հունիսի 10-ից հետո կսկսվեն Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կիևյան կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել ուսումնական դասերի ավարտից հետո՝ նախնական պլանավորմամբ հունիսի 10-ից հետո, հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը։
«Կիևյան կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը կայացել է, պայմանագրերը կնքման փուլում են», - ասաց Թևոսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա հայտնեց, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։
Անդրադառնալով կամրջի փակման հարցին՝ Թևոսյանը հայտնեց, որ կան որոշակի աշխատանքներ, որոնց իրականացման ժամանակ կամուրջը չի փակվելու, սակայն ասֆալտբետոնե ծածկի և կարերի փոխարինման փուլում այն ամբողջությամբ կփակվի:

