ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը բացահայտվել է․ ՔԿ

01.06.2026, 11:40
Բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը
ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը բացահայտվել է․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ բազմաթիվ խուզարկությունների, շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։

Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում, ՀՀ վարչապետի քաղաքական և պետական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռք են բերել միջոցներ և ստեղծել պայմաններ, մասնավորապես՝ ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ՝ այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված, տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ:

Բացի այդ, 2026 թվականի մայիսի 16-ին անձինք որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի համակարգում պահվող, համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տեսաուղերձը հրապարակելով՝ խոչընդոտել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզչությանը:

Մ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական գործունեության կատարման հետ), 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։

Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ 

Քրեական գործ տեսանյութի փաստով

Ընթացիկ տարվա մայիսի կեսերին սոցցանցում տարածվեց մի տեսանյութ, որում դիմակավորված անձինք սպառնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայհոյանքներ հնչեցնում նրա հասցեին և մեղադրում այն բանում, որ նա ստել է Արցախի բնակիչներին և կխաբի նաև Հայաստանի բնակիչներին։

Մի քանի օր անց Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ–ից նաև հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։