Երևանում ոստիկանները նկատել են, որ Nissan–ի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել․ նրա մոտ 14 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել

29.05.2026, 15:15
31–ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել Տելեգրամի միջոցով
Երևանում ոստիկանները նկատել են, որ Nissan–ի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել․ նրա մոտ 14 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայիսի 26-ին ծառայության ժամանակ Կուրղինյան փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նա թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ։

Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը, բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։

«Նիսան»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։