Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են Honda–ն ու Opel–ը, 5 մարդ վիրավորվել է

29.05.2026, 10:56
Փրկարարները 5 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են Honda–ն ու Opel–ը, 5 մարդ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է։

Փրկարարները վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։