ԵԱՏՄ երկրների 4 առաջնորդների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ փոխանցվել է փոխվարչապետ Գրիգորյանին
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարներն Աստանայի գագաթնաժողովում Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել և այն փոխանցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է Երևանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ընդունվել է չորս ղեկավարների հայտարարությունը»,- ասել է Ուշակովը՝ նշելով, որ հայտարարությունը կհրապարակվի Կրեմլի կայքում։
Նա հաստատել է, որ Հայաստանի փոխվարչապետը հայտարարությունը կտանի Երևան։ «Ամեն ինչ ճիշտ է»,- պատասխանել է Ուշակովը համապատասխան հարցին։
ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Հայաստանն Աստանայի գագաթնաժողովում ներկայացված է փոխվարչապետի մակարդակով, մնացած երկրները՝ բարձրագույն։
Ուշակովը նաև դրական է որակել միջոցառմանը Գրիգորյանի տրամադրվածությունը։
«Փոխվարչապետի [տրամադրվածությունը], ինձ թվում է, դրական է։ Նա նորմալ, խելացի մարդ է, ամեն ինչ հրաշալի հասկանում է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանը ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Պուտինի հետ առանձին հանդիպում չի խնդրել։ «Ո՛չ, առանձին քննարկում չէր նախատեսվում։ Եվ հարցում նույնպես չի եղել»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

