Արման Թաթոյան. Հայաստանը պետք է դառնա ԱԲ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դառնա արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային կենտրոն։
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են մարդկանց վախեցնել՝ ներկայացնելով, թե եթե իրենք չվերընտրվեն, ապա նման ծրագրեր չեն իրականացվի։
«Ես երաշխավորված ասում եմ, որ իմ վարչապետության ժամանակ այս հարցերը լինելու են պետական քաղաքականության առաջնային ուղղություններից։ Մենք պահպանելու ենք բոլոր միջազգային պարտավորությունները, զարգացնելու և խորացնելու ենք հարաբերությունները Միացյալ Նահանգների և մյուս գործընկեր երկրների հետ»,- նշել է Արման Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ արհեստական բանականության զարգացումը պետք է դառնա Հայաստանի կրթական և տնտեսական ռազմավարության կարևոր բաղադրիչը։
«Մենք կրթական ծրագրերի փոփոխություններ ենք իրականացնելու համալսարաններում, քոլեջներում և դպրոցներում։ Մեր երիտասարդների և երեխաների կրթության մեջ ներդնելու ենք ժամանակակից տեխնոլոգիաներ ու AI համակարգեր։ Դրանք կիրառվելու են նաև ճանապարհային երթևեկության կառավարման, անվտանգության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում»,- ասել է նա։
Նրա խոսքով, իրենք սփյուռքի հայրենակիցների հետ աշխատելու են շատ սերտ, որ նրանց հետ միասին այս համակարգերը բերեն, ներդնեն մեր երկրում։
«Միայն թե այս ընթացքում մենք պահպանելու ենք մեր ազգային ինքնությունը, դադարեցնելու ենք հայոց պատմության դեմ պատերազմը, Հայաստանի խորհրդանիշների դեմ , մեր եկեղեցու դեմ պատերազմը, պահպանելու ու զարգացնելու ենք մեր ազգային արժեքները, որ ամբողջ իշխանությունը, աշխարհը իմանա, որ մենք հայերով ենք դա անում։ Դա հնարավոր է, ու դա կարող են անել հենց հայերը։ Ես ուզում եմ մեր երիտասարդներին դիմել բոլոր բնագավառի մասնագետներին, մեր ամբողջ ժողովրդին»,-ասել է Թաթոյանն՝ ընդգծելով, որ այն իր համար կարևորագույն, նաև գաղափարական հարց է մեր երկրի զարգացման համար։

