Ռուսաստանը չի ստացել ՀՀ-ի պատասխանը գազային համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին նամակին. Ցիվիլև
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին, որը վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում գազի, նավթամթերքի և ալմաստների մատակարարման համաձայնագրերի հնարավոր չեղարկմանը, հայկական կողմից պատասխան դեռևս չի ստացվել։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։
Մայիսի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը ծանուցել է հայկական կողմին՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակելու դեպքում գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին 2013 թվականի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ չեղարկման մասին։
« Դեռևս պատասխան չկա։ Բայց, կարծում եմ, նամակում դիրքորոշումը շատ հստակ է շարադրված։ Մենք բոլորս գտնվում ենք Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում։ Շատ տարիներ այս հարաբերությունները կառուցվել են բոլոր պետությունների հետ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանց նավթն ու գազը մատակարարվում են բավականին շահավետ գներով»,- ասել է Ցիվիլևը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը չի կարողանա շարունակել Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել նախկին գներով, եթե երկիրն անդամակցի ԵՄ-ին։
«Իհարկե, Եվրոպայում նույն գազի գինը պատիկներով ավելի բարձր է։ Ուստի այս նամակի էությունը կայանում է նրանում, որ երբ օրենքն ընդունվի, իհարկե, հետո հանրաքվե կլինի։ Իսկ մեզ համար հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։ Այդ պատճառով ես իմ գործընկերոջը գրել եմ, որպեսզի բոլորը նախապես իմանան, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները։ Որ մենք չենք կարողանա, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից անցնեն ԵՄ-ին, նրանց մատակարարել այն գնով, որով մատակարարում ենք հիմա»,- ասել է ՌԴ էներգետիկայի նախարարության ղեկավարը։
«Ես կարծում եմ, որ երբ հայ ժողովուրդը կայացնի այդ որոշումը, նա պետք է հասկանա տնտեսական այս պահերը»,- հավելել է ՌԴ էներգետիկայի նախարարը՝ ընդգծելով, որ նամակի նպատակը միայն դա է եղել, քանի որ Ռուսաստանը հայ ժողովրդին միշտ վերաբերվում է որպես եղբայրական ժողովրդի։
Հիշեցնենք՝ նամակով տեղեկացվում է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում Մոսկվան «միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՌԴ կառավարության և Հայաստանի կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը»։
2013 թվականի համաձայնագիրը նախատեսում է դեպի Հայաստան գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսազերծման մատակարարումներ ներքին սպառման ծավալներով և արգելում է դրանց վերաարտահանումը երրորդ երկրներ։

