ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի կաշխատենք, մեր բոլոր խնդիրները կլուծենք․ Փաշինյանը՝ ՌԴ–ի կողմից գազային համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Հայաստան, եթե Ռուսաստանը միակողմանի կարգով չեղարկի գազի մատակարարման համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը ծանուցել է հայկական կողմին՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը շարունակելու դեպքում գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին 2013 թվականի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ չեղարկման մասին։ Նրա խոսքով՝ նամակը հայկական կողմին է փոխանցվել Երևանում ՌԴ դեսպանատան միջոցով և հասցեագրված է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը։
«Մեր ռազմավարությունը մնում է նույնը։ Մենք մեր ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի կաշխատենք, և մեր բոլոր խնդիրները կլուծենք»,- ասել է վարչապետն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ 2013 թվականի համաձայնագիրը նախատեսում է դեպի Հայաստան գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսազերծման մատակարարումներ ներքին սպառման համար և արգելում է դրանց վերաարտահանումը երրորդ երկրներ։

