Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին՝ Կանադայում տուն ունենալու մասին հայտարարության համար

25.05.2026, 18:56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին նրա այն հայտարարության համար, թե ինքը Կանադայում տուն ունի
Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին՝ Կանադայում տուն ունենալու մասին հայտարարության համար

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին նրա այն հայտարարության համար, թե ինքը Կանադայում տուն ունի։

Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Սամվել Կարապետյանը, խոսելով «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին, հայտարարել է, որ իրեն չի թվում, թե կլինի այնպիսի մարդ, որը չստորագրի այդ օրենքը։

«Ես նույնիսկ գտնում եմ, որ պարտավոր են ստորագրել Փաշինյանի թիմակիցները, քանի որ Փաշինյանը շատ հաճույքով այս բոլոր փորձանքները բերելով՝ հանգիստ կգնա ու կվայելի իր Կանադայի տունը, իսկ իրենք մնալու են Հայաստանում ու ամեն օր առնչվելու են հայերի հետ ու Հայաստանին իրենց կողմից բերված պրոբլեմների հետ»,- ասել է Կարապետյանը։

Նիկոլ Փաշինյանի արձագանքը

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն այն որակել է «անհեթեթ» և նշել, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

«Կալուգացին հայտարարել է, թե ես Կանադայում տուն ունեմ։ Բնականաբար, այդ անհեթեթ հայտարարության համար ես նրան դատի եմ տալու, և նա ներողություն է խնդրելու, ուրիշ տարբերակ չունի պարզապես։

Պատերազմի եռագլուխ կուսակցությունն ու կալուգացին այդպես էլ չեն հասկանում, որ ես մի տուն ունեմ, և այդ տունը ՀՀ-ն է։ Ես երբեք ուրիշ տուն ոչ փնտրել եմ, ոչ էլ կփնտրեմ», - ասել է Փաշինյանը Telegram-յան իր էջում հրապարակած տեսանյութում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» -ի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերջինիս՝ հալյուցինացիա առաջացնող սնկերի մասին արտահայտության համար` պահանջելով հրապարակային հերքում և 6 միլիոն դրամ` որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։