Ադրբեջանը հայ գերիների հարցը օգտագործում է Հայաստանի դեմ պահանջներ ներկայացնելու համար. Թաթոյան

25.05.2026, 13:21
Նրա խոսքով՝ այս իշխանություններն այնպես են արել, որ հայ գերիների հարցը փակուղի է մտել, և հիմա հարցի լուծումը ստացվում է միայն Ադրբեջանի բարի կամքից
Ադրբեջանը հայ գերիների հարցը օգտագործում է Հայաստանի դեմ պահանջներ ներկայացնելու համար. Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանը հայ գերիների հարցն ի սկզբանե օգտագործել է Հայաստանի դեմ պահանջներ ներկայացնելու համար, հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Գերիների հարցը, ի սկզբանե ես ասել եմ, Ադրբեջանն օգտագործում էր մեր դեմ ատելություն բորբոքելու, մեր դեմ պահանջներ ներկայացնելու համար», - ասաց Թաթոյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ մինչ գործող իշխանություններին հորդորում են հետ վերցնել միջազգային հայցերը, և նրանք անում են, ադրբեջանական կողմը երկրի ներսում գերիների վերաբերյալ դատավարություններ է առաջ տանում։

«Նրանք շատ լավ նախապատրաստվել են։ Հարկ եղած դեպքում հանելու են բոլոր պահանջները, դնեն, ասեն՝ դե տվեք վնասների հատուցումները», - նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանություններն այնպես են արել, որ հայ գերիների հարցը փակուղի է մտել, և հիմա հարցի լուծումը ստացվում է միայն Ադրբեջանի բարի կամքից։