Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մոնումենտի կանաչ տարածքներն ապօրինի օտարելու համար դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ։
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով Մոնումենտի առանձնատները պետությանը վերադարձնելու մասին հարցին, նշել էր, որ Մոնումենտի առանձնատների մասով Դատախազությունը երկու ուղղությամբ է աշխատանք իրականացնում՝ դատարանի վարույթ ընդունված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր, քրեական վարույթ», - նշված է հաղորդագրության մեջ:
Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ քրեական վարույթով առաջընթաց կլինի և Դատախազությունը հանրությանը կիրազեկի դրա մասին:

