Մեքենայում շուրջ 1կգ թմրանյութ է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մայիսի 6-ին՝ ժամը 17․20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Ստեփանավանի և Երևանի բնակիչ 35 և 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։
Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

