Սարսափելի ավտովթար՝ Արարատի մարզում․ մեկուկես տարեկան երեխան մահացել է

25.05.2026, 11:17
Մեկուկես տարեկան երեխայի կյանքը փրկել չի հաջողվել․ ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
Սարսափելի ավտովթար՝ Արարատի մարզում․ մեկուկես տարեկան երեխան մահացել է

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մայիսի 24-ին, ժամը 18։50-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ բնակավայրի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «GAZ» մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է, որտեղ բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը։ 

Փրկարարները «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մինչ պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վեդու բաժին, որ վիրավորներից 1,5 տարեկան տղա երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։