Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով Քննչական կոմիտեին։
Համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում նախորդ օրն ուշ երեկոյան Քննչական կոմիտեի մուտքի մոտ դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները Թևանյանին են ներկայացնում ձերբակալման որոշումը, որից հետո ձեռնաշղթաներ են հագցնում։
Նախքան ՔԿ մտնելը Թևանյանը հայտարարել է, որ շարունակելու է քաղաքական պայքարը։ «Բոլորին կոչ եմ անում մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին՝ թուրք-ադրբեջանական օրակարգ իրականացնող իշխանություններին հեռացնելու համար»,- հայտարարել է նա։
Մայիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունները։
Քրեական գործի մասին
Մայիսի 21-ին ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։
Քննչական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա.Թ.-ն (Անդրանիկ Թևանյան, խմբ․), հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, 622 հազար դոլարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։

