Սամվել Կարապետյանն առաջարկում է արգելել ՀՀ–ում անշարժ գույքի գնումն Ադրբեջանի քաղաքացիների կողմից
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր Գրուպ» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանն անհրաժեշտ է համարում օրենսդրորեն արգելել Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումը։
Այսօր կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը հայտնել է, որ իր քաղաքական ուժն առաջարկում է ընդունել օրենսդրական նախաձեռնություն «Սաֆարովի կանխարգելման օրենք» անվանումով։
«Նախաձեռնությունը նախատեսում է ադրբեջանցիների կողմից Հայաստանում հողատարածքների և տների գնման, ինչպես նաև նման գույքը որպես նվիրատվություն ստանալու արգելք», - հայտարարեց նա։
Կարապետյանը նշեց, որ իր կուսակցության տնտեսական ծրագրերի իրականացումը կդժվարանա, «եթե չկանխվի 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում», ինչը, նրա խոսքով, ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս ղեկավարները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանն իր հերթին հայտարարեց, որ հասարակության մեջ մտահոգություն կա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջների շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ։
«Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի կարողանա որևէ գույք ձեռք բերել Հայաստանում։ Մեր Սահմանադրության մեջ կա նման մեխանիզմ հողի և սեփականության իրավունքի սահմանափակման վերաբերյալ», — ասաց Վարդևանյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի առաջարկած օրենքի մասին։

