«Մեծ երկիր և մեծ ժողովուրդ»․ Մաքս Ֆադեևը երգ է նվիրել Հայաստանին (ԱՈՒԴԻՈ)

28.05.2026, 13:11
Ֆադեևը «Արմենիա» ստեղծագործությունը նվիրել է «մեծ երկրին և մեծ ժողովրդին», որն անցել է ծանր փորձությունների միջով և պահպանել ուժը, հավատը, մշակույթն ու արժանապատվությունը
«Մեծ երկիր և մեծ ժողովուրդ»․ Մաքս Ֆադեևը երգ է նվիրել Հայաստանին (ԱՈՒԴԻՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուս կոմպոզիտոր և պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը և հայ երգիչ Արման Հովհաննիսյանը ներկայացրել են զուգերգ՝ նվիրված Հայաստանին:

Ֆադեևը «Արմենիա» ստեղծագործությունը նվիրել է «մեծ երկրին և մեծ ժողովրդին», որն անցել է ծանր փորձությունների միջով և պահպանել ուժը, հավատը, մշակույթն ու արժանապատվությունը:

«Ինձ համար կարևոր է, որ հայերն ու ռուսները պատմականորեն եղել են կողք կողքի: Մեր ժողովուրդները ուս ուսի անցել են Հայրենական մեծ պատերազմը, մեզ կապում է ընդհանուր հիշողությունը, ընդհանուր հոգևոր արմատները, մարդկային մտերմությունը և հսկայական հարգանքը միմյանց հանդեպ»,- նշել է նա:

Ֆադեևի խոսքով՝ երգում կան տողեր այն մարդկանց մասին, ում կյանքը տարել է տնից հեռու, և այդ խոսքերը մոտ կլինեն յուրաքանչյուրին, ով սիրում է Հայրենիքը և կարոտում է:

Նա նաև նշել է, որ ստեղծագործությունը ձայնագրվել է ռուսերենով՝ Արման Հովհաննիսյանի հետ, որպեսզի այն լսեն հնարավորինս շատ մարդիկ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Երբ Հայաստանում էինք, մեզ հետ խոսում էին ռուսերեն և մեզ ընդունում էին այնքան ջերմ, ասես ամենամոտ մարդիկ լինեինք: Դա անհնար է մոռանալ»,- ասել է Ֆադեևը:

Հովհաննիսյանն իր հերթին Մաքսիմ Ֆադեևի հետ դուետն անվանել է նվեր Հայաստանին և սիրո խոստովանություն Հայրենիքին:

«Մենք ծնվում ենք, ապրում և հեռանում երկրից: Բոլորս և ամեն ինչ այս աշխարհում անցողիկ է… Եվ միայն սերն է ի զորու հավերժացնել մեզ և հետք թողնել մեր մեծ տանը, որը կոչվում է Հայաստան»,- նշել է երգիչը:

Նա շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ «վաղուց է ընտրել, ընտրում է հիմա և կընտրի ապագայում» սիրել իր Հայրենիքը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը պատմականորեն կապված են բարեկամության ամուր կապերով, իսկ երկու ժողովուրդների մշակույթները բազմիցս հպվել են երաժշտության մեջ՝ ստեղծելով գլուխգործոցներ, «որոնք ջերմացրել են երկու եղբայրական ժողովուրդների սրտերը»:

Երգը կարող եք լսել հետևյալ հղումով: