Փաշինյանը 3-րդ դատական հայցը կներկայացնի Սամվել Կարապետյանի դեմ
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 3-րդ դատական հայցն է ներկայացնելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ։
«Երեկվա տվածս հարցազրույցից հետո նրանք հայտարարել են, որ ես հաստատել եմ, որ 300 հազար ադրբեջանցի է վերադառնալու կամ բնակեցվելու Հայաստանում։ Ես այդ կապակցությամբ 3-րդ հայցը կներկայացնեմ», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նա նշեց, որ Սամվել Կարապետյանը պետք է երրորդ ներողությունը խնդրի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» -ի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերջինիս՝ հալյուցինացիա առաջացնող սնկերի մասին արտահայտության համար` պահանջելով հրապարակային հերքում և 6 միլիոն դրամ` որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին նրա այն հայտարարության համար, թե ինքը Կանադայում տուն ունի։

