Արման Թաթոյանն ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում ներկայացրել է TRIPP նախագծի հաջող իրականացման պայմանները
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը բաց նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի պայմանների վերաբերյալ։
«Իրականությունն այն է, որ TRIPP նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։», - նամակում նշել է Թաթոյանը։
Թաթոյանը հայտարարել է, որ աջակցում է TRIPP համաձայնագրին և, ապագայում որպես Հայաստանի վարչապետ, պատրաստ է սերտ համագործակցել ԱՄՆ վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրանականացման նպատակով։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ռուբիոն մայիսի 26-ին կայցելի Հայաստան։ Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում (ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի նշել, թե որոնք են դրանք՝ խմբ.):
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

