Արագածոտնում բեռնատարներ են բախվել․ նրանցից մեկի վարորդը դիմել է փախուստի, վիրավորներից մեկը 4–ամյա երեխա է
26.05.2026,
12:50
Չորս տարեկան երեխա է տուժել Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին, Երնջատափ գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Տիգրան Տ․-ի վարած կցորդիչով բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի վարած «Ford» մակնիշի բեռնատարը, որից հետո կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել է փախուստի։Վթարի հետևանքով վարորդներից Արման Ա․-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 4-ամյա Էդգար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Մինչ քննչական խումբը դեպքի վայր կժամաներ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Շողակն բնակավայրում հայտնաբերել են վթարի մասնակից և դեպքի վայրից փախուստի դիմած բեռնատարի վարորդին։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

