ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի. ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս»-ի գրանցումը

26.05.2026, 13:44
Հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի
ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի. ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս»-ի գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը, հայտնում ԿԸՀ-ից։

Ըստ այդմ, 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։

Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել», - նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը։

ԿԸՀ–ն որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Տիգրան Ուրիխանյանը փաստաթուղթ չի ներկայացրել, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և Հայաստանում է բնակվել։