Տեխնիկան տեսնելուց հետո մարդիկ քեֆ անելու ցանկություն են ունենալու. Փաշինյանը` մայիսի 28-ի զորահանդեսի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսի տեխնիկան տեսնելուց հետո մարդիկ քեֆ անելու ցանկություն են ունենալու։
«Զորահանդեսից հետո Տիգրան Մեծ պողոտայում ամբողջ տեխնիկան, որը ցուցադրվում է, կշարվի որպեսզի մարդիկ մինչև երեկո գան, նայեն, տեսնելու հնարավորություն ունենան։ Եվ իմ կանխատեսումն այն է, որ այդ ամեն ինչը տեսնելուց հետո մարդիկ քեֆ անելու ցանկություն են ունենալու, որովհետև տեսնելու են իրենց նոր բանակը, որը նոր է՝ հագուստով, ռազմական նոր տեխնիկայով», - ասաց Փաշինյանը Ծաղկաձորում քարոզարշավի ժամանակ։
Նա նշեց, որ ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մասն օտարերկրյա արտադրության է, բայց շատ կարևոր մի հատված էլ ՀՀ արտադրության է։

