Սարսափելի սպանություն՝ Նորապատի գերեզմանատանը․ 3 մարդ մահացել է

26.05.2026, 16:18
Երեք մարդ մահացել է․ գերեզմանատանը 63–ամյա մոր դանակահարությունից հետո որդին որսորդական զենքով կրակոցներ է արձակել
Սարսափելի սպանություն՝ Նորապատի գերեզմանատանը․ 3 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունից ներկայացնում են դեպքի վերաբերյալ այս պահին հայտնի նախնական տեղեկությունները։ 

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը նշված վայրում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ 

Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։ 

Դեպքից հետո՝ կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։ 

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։