Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհ է. Ռուբիոն՝ TRIPP համաձայնագրի նախաստորագրման մասին
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը խաղաղության և բարգավաճման ճանապարհ է։
«Այս համաձայնագիրը ամենամեծ քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհ է», - նշեց Ռուբիոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Նա ընդգծեց, որ երկկողմ համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով, և կողմերը շարունակում ենք զարգացնել հարաբերությունները։
«Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները», - նշեց ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով` կողմերն իրականացնում են այն հիմնարար աշխատանքերը, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերը և ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ միասին աշխատելու։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

