43-ամյա տղամարդը Ազատության պողոտայից մոպեդ է գողացել՝ տուժողին պատճառելով 1մլն դրամի վնաս

29.05.2026, 18:19
Նույն օրը 43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
43-ամյա տղամարդը Ազատության պողոտայից մոպեդ է գողացել՝ տուժողին պատճառելով 1մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գիշերային շրջայցի ընթացքում գողություն են բացահայտել։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ, գիշերային շրջայց կատարելիս, Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում նկատել են մի քաղաքացու, որն իրենց տեսնելով՝ մոպեդով դիմել է փախուստի։

Համայնքային ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Նորաշխարհյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։

«Համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը մոպեդը գողացել է Ազատության պողոտայից՝ տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս։ Մոպեդի տիրոջից ընդունվել է հաղորդում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության տրամադրած տեղեկատվության, կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը 43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։