ՌԴ-ն կասեցնում է, ՍԱՏՄ-ն՝ փորձաքննում․ Ի՞նչ է պարզել ՍԱՏՄ-ն «Ջերմուկի» լաբորատոր փորձաքննության արդյունքում

29.05.2026, 16:14
ՍԱՏՄ-ն մեկնաբանել է «Ջերմուկ» ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու մասին հարցը
ՌԴ-ն կասեցնում է, ՍԱՏՄ-ն՝ փորձաքննում․ Ի՞նչ է պարզել ՍԱՏՄ-ն «Ջերմուկի» լաբորատոր փորձաքննության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Սույն թվականի մայիսի 22-ին Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։

Գործակալությունը բացատրել է, որ արտադրանքը չի համապատասխանում պիտակի վրա մակնշվածին, ինչը «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ պահանջների խախտում է։

Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ հանձնարարական է ուղարկել «Честный знак» համակարգի օպերատորին՝ ՌԴ-ում «Ջերմուկ» ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու մասին։

ՍԱՏՄ-ից «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են, որ լաբորատոր քննությամբ «Ջերմուկում» շեղումներ չեն հայտնաբերվել։

«ՍԱՏՄ-ն նմուշառում է կատարել Ջերմուկից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել. «հիդրոկարբոնատ», «սուլֆատ» և «քլորիդ» իոնների քանակը համապատասխանել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին»,-հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տրամադրած տեղեկատվության, ՍԱՏՄ-ում ընդգծել են, որ քանի որ Ջերմուկի շրջանառությունը կասեցրել է ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր»), խնդրի կարգավորմամբ զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:

Նշենք, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թ․-ի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

 Գերատեսչության կայքում նշվել է, որ որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական գյուղմթերքի  մատակարարումների ժամանակ խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։

Նաև Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր դժգոհությունների մասին՝ կապված Հայաստանից ՌԴ մատակարարվող մրգի և բանջարեղենի հետ։

Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։