Իրավապահները Երևան-Աշտարակ ճանապարհին ձերբակալել են 44-ամյա տղամարդկանց. առգրավվել է մոտ 5 կգ մարիխուանա (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերված խոշոր չափի թմրամիջոց է առգրավվել։
Ըստ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության, քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մայիսի 26-ին՝ ժամը 20․50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին 44-ամյա տղամարդկանց, ձերբակալեցին և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։
Մայիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

