ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ թողարկելու պատրաստակամությունը (ՖՈՏՈ)

29.05.2026, 20:07
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ պատրաստ է սկսել Դոնալդ Թրամփի պատկերով 250 դոլար անվանական արժեքով թղթադրամների տպագրությունը․ ՖՈՏՈ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ թողարկելու պատրաստակամությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ պատրաստ է սկսել Դոնալդ Թրամփի պատկերով 250 դոլար անվանական արժեքով թղթադրամների տպագրությունը, եթե Կոնգրեսը հավանություն տա համապատասխան օրինագծին։

Ինչպես հաղորդում է РБК-ն՝ հղում անելով «NBC News»-ին, այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Բեսենթի խոսքով՝ գործող օրենսդրությունն արգելում է ամերիկյան արժույթի վրա տեղադրել ողջ մարդկանց պատկերները, սակայն Կոնգրեսում քննարկվում է նախաձեռնություն, որը թույլ կտա բացառություն անել Թրամփի համար։

«Ֆինանսների նախարարությունում մենք նման բաները նախապես ենք պատրաստում, ուստի արդեն պատրաստվել ենք այն դեպքի համար, եթե օրենքն ընդունվի, սակայն մենք կհետևենք օրենքին»,- ասել է Բեսենթը։

Ինչպես գրում է «The Washington Post»-ը, Թրամփի պատկերով թղթադրամ թողարկելու գաղափարը կապված է ԱՄՆ 250-ամյակի տոնակատարության նախապատրաստության հետ։ Օրինագիծը ներկայացրել է հանրապետական Ջո Ուիլսոնը, և այժմ փաստաթուղթը գտնվում է Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային հանձնաժողովի քննարկման փուլում։ Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում օրենքը պետք է ստորագրի հենց ինքը՝ Թրամփը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախկինում նույնպես հայտարարել էր, որ ամերիկյան թղթադրամների վրա կհայտնվի Թրամփի ստորագրությունը։ Բացի այդ, դաշնային հանձնաժողովը հավանություն է տվել երկրի 250-ամյակի առթիվ նախագահի պատկերով հուշադրամների դիզայնին։

 Доллар Трампа