Հայաստանի երիտասարդները պետք է ճամփորդելու հնարավորություն ունենան. Թաթոյան
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի երիտասարդները պետք է ճամփորդելու հնարավորություն ունենան, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«Եվրոպական երկրներ, ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան, այլ պետություններ… Մեր երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ճամփորդելու և տեսնելու աշխարհը։ Նրանք պետք է գնան, սովորեն, մասնակցեն դասընթացների, ստանան նոր գիտելիքներ և վերադառնան, որպեսզի երկրում ներդնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները ամենատարբեր բնագավառներում՝ բժշկություն, իրավագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա»,- ասել է նա իր սոցցանցերում տարածած տեսանյութում։
Թաթոյանը համոզված է, որ դա մեր երկրի զարգացման երաշխիքներից մեկն է։
«Երկրի ապագան հենց այդպես է կառուցվում։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն երկրների հետ, որոնց հետ ունենք վիզային ռեժիմ, այն դյուրացվի։ Եթե պետք լինի՝ վիզաները կչեղարկվեն, մենք ամեն ինչ կանենք դրա համար։ Սա ամենակարևոր կետերից մեկն է՝ մեր երկիրը համաշխարհային ցանցի մաս դարձնելու համար»,- ընդգծել է նա։

