Գիշերը 4–ի սահմաններում 32-33 տարեկան երեք տղամարդ գողություն են կատարել խանութից ու բռնվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հունիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը և դրամարկղից փող գողացել։
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-33 տարեկան երեք տղամարդ ավտոմեքենան կայանել են Սևանի փողոցում, ապա մոտեցել հիշյալ խանութին, կատարել գողությունն ու հեռացել՝ մեքենան թողնելով նույն տեղում։
Նույն օրը՝ ժամը 14․40-ին, երեքն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմին։
Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ խումբը, նույն կերպ՝ կոտրելով դուռը, նախկինում էլ խանութներից կատարել է գողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։

