Հուլիսի 1-ից Հայաստանում կներդրվի անապահովության գնահատման նոր մոդել

11.06.2026, 12:58
Հայաստանում հուլիսի 1-ից բոլոր մարզերում և Երևան քաղաքում կներդրվի անապահովության գնահատման նոր մոդել
Հուլիսի 1-ից Հայաստանում կներդրվի անապահովության գնահատման նոր մոդել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հուլիսի 1-ից բոլոր մարզերում և Երևան քաղաքում կներդրվի անապահովության գնահատման նոր մոդել, հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս նոր համակարգն ավելի շատ միտված է մարդկանց ոչ թե համակարգում պահելուն, այլ համակարգից դուրս բերելուն` աշխատանքի, կրթության և այլ գործիքների միջոցով», - ասաց Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ։

Նախարարը հիշեցրեց, որ համակարգը մինչ այս փորձնական կարգով գործարկվում էր միայն երկու մարզերում՝ Կոտայքում և Սյունիքում, և այս որոշմամբ հուլիսի 1-ից կգոործի հանրապետության ողջ տարածքում։

Նրա խոսքով` նոր համակարգի ներդրումը բերելու է հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։

Թորոսյանը հայտնեց, որ 2017 թվականի տվյալներով «Փարոս» համակարգում եղել է մոտ 100 հազար ընտանիք, իսկ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ այդ թիվը կազմում է մոտ 46 հազար ընտանիք (պակասել է 54.1 տոկոսով կամ 2.2 անգամ), ինչը, ըստ զեկուցողի, ընդհանուր աղքատության նվազման ցուցիչ է։

«Հին համակարգում նպաստի միջին չափն ընդամենը 29 հազար դրամ էր, այսինքն՝ զուտ ֆինանսական առումով այն որևէ լուրջ աջակցություն չէր տալիս ընտանիքներին՝ ի հակադրություն նոր համակարգի, որտեղ նաև նպաստի չափն է կարիքի հիման վրա որոշվում։ Այսինքն՝ ընտանիքի չափից կախված, ընտանիքի անդամների տարբեր կարգավիճակներից՝ տարիք, հաշմանդամություն և այլն։

Միջինն այս պահի դրությամբ Կոտայքի և Սյունիքի մարզերում 86 հազար 870 դրամ է, որն էականորեն կարող է բարելավել ընտանիքի վիճակը։ Ունենք նաև առավելագույն չափ` կախված ընտանիքի կառուցվածքից։ Մինչև 280 հազար դրամ նպաստ ստացող ընտանիքներ ունենք», - ընդգծեց նախարարը։

Նոր համակրգի մասին

Անապահովության գնահատման նոր համակարգը նախապես ներդրվել էր փորձնական կարգով և մինչ այս գործում էր միայն Կոտայքի և Սյունիքի մարզերում: Գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը տրվում է այն ընտանիքներին, որոնց մեկ անդամի ամսական եկամուտը ցածր է սահմանային շեմից՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքից (չափահաս անձի համար սահմանվում է 34,581 դրամ): Եթե չափահաս անձն ունի 0 եկամուտ, նրա նպաստը կազմում է հենց 34,581 դրամ։ Նոր համակարգով միջին նպաստը բարձրանում է` դառնալով 49,330 դրամ։

Պարտադիր է դառնում նաև աշխատունակ անձանց ակտիվացումը կամ աշխատանքի տեղավորումը (նպաստի դիմումը դիտարկվում է նաև որպես աշխատանքի փնտրման հայտ): Խրախուսման համար՝ աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի և նպաստը միանգամից չի դադարեցվի: Իսկ աշխատունակ, բայց չաշխատող անդամներին ավտոմատ վերագրվելու է եկամուտ՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով

Որոշվելու է ընտանիքի անապահովության 4 մակարդակ՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով: Դրանից կախված՝ տրամադրվելու են սոցիալական ծառայությունների փաթեթներ (նպաստ, եռամսյա աջակցություն, կոմունալ, կրթական ծառայություններ, առողջապահական արտոնություններ և այլն)

Ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքներին երաշխավորվում է նվազագույն եկամուտ՝ պարենային զամբյուղի չափով, իսկ բացառապես խոցելի խնամառու անդամներից բաղկացած ընտանիքները կստանան նաև հավելումներ: