Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի, «պատերազմի եռագլուխ կուսակցությունից» ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի. Փաշինյան

11.06.2026, 13:30
Փաշինյանը հայտարարել է, որ առանց ընտրակաշառքի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» չէր կարող անցնել խորհրդարան
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի, «պատերազմի եռագլուխ կուսակցությունից» ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առանց ընտրակաշառքի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» չէր կարող անցնել խորհրդարան։

«Եռագլուխ պատերազմի կուսակցություն» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի, պատերազմի եռագլուխ կուսակցությունից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն է կրում երկրի դատաիրավական համակարգը։

«Տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընդրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլևս այս պրոցեսում էլ շարունակել են իրենց գործունեությունը», - նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։

«Հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան` ինչու է ֆինանսավորվում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել», - ընդգծեց վարչապետը։

Ընտրությունների մասին

ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:

Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով: