ՌԴ–ն 5–12 անգամ բարձրացրել է հարկային տուրքերը միգրանտների համար
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միգրանտների համար հարկային տուրքերի բարձրացման մասին օրենքը, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիության ձևակերպման համար այն 12 անգամ ավելացնելու վերաբերյալ օրենքը նախօրեին ամբողջությամբ ընդունվել է ՌԴ Պետդումայի կողմից:
«Ինտերֆաքսի» համաձայն՝ օրենքը նախատեսում է միգրանտների համար հարկային տուրքերի բարձրացում, այդ թվում՝ 12 անգամ՝ 4,2 հազարից մինչև 50 հազար ռուբլի՝ Ռուսաստանի քաղաքացիության ձևակերպման դեպքում. ութ անգամ՝ 1,92 հազարից մինչև 15 հազար ռուբլի՝ ժամանակավոր կացության թույլտվության ձևակերպման դեպքում. հինգ անգամ՝ 6 հազարից մինչև 30 հազար ռուբլի՝ մշտական կացության վկայականի (вид на жительство) ձևակերպման դեպքում։
Բացի այդ, ավելանում է միգրանտներին աշխատանքի ներգրավելու թույլտվությունների տրամադրման տուրքը՝ հասնելով մինչև 15 հազար ռուբլու յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար:
Օրենքը ՌԴ քաղաքացիություն ստանալու համար սահմանված տուրքերի վճարումից ազատում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր նախկինում հանդիսացել են ԽՍՀՄ քաղաքացիներ և մասնակցում են հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին,:
Բացի այդ, օրենքն ազատում է ժամանակավոր կացության թույլտվության կամ մշտական կացության վկայականի տրամադրման պետական տուրքերի վճարումից նաև այն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք ՌԴ նախագահի հրամանագրի համապատասխան ճանաչվել են որպես Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին:
Քաղաքացիություն ստանալու և մշտական կացության վկայականի տրամադրման տուրքերից ազատվում են նաև այն օտարերկրացիները, ովքեր հատուկ ռազմական գործողության ժամանակահատվածում պայմանագիր են կնքել ՌԴ զինված ուժերում ծառայության անցնելու վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը ընդունված մեկ այլ օրենքով բացառվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության առկայության կամ բացակայության փաստի հաստատման համար պետական տուրքի (4,2 հազար ռուբլի չափով) գանձման դրույթը:

