Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ – ԵՄ գործընկերության խորացման ընթացքն ու տարածաշրջանային և միջազգային օրակարգը

26.07.2026, 08:23
Վարչապետն ընդգծել է նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ – ԵՄ գործընկերության խորացման ընթացքն ու տարածաշրջանային և միջազգային օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունվ։

Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության համար: 

Վարչապետն ընդգծել է նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին։ 

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։