Ձմերուկի դիետա․ օգտակա՞ր, թե՞ վնասակար, պարզաբանում է բժիշկը

25.07.2026, 17:40
Բժիշկն անդրադարձել է ձմերուկի դիետայի օգտակար և վնասակար կողմերին
Ձմերուկի դիետա․ օգտակա՞ր, թե՞ վնասակար, պարզաբանում է բժիշկը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համարվում է, որ ձմերուկի դիետան օգնում է մաքրել օրգանիզմը՝ միևնույն ժամանակ ազատելով ավելորդ քաշից։ Այն հեշտ է պահպանել՝ բավական է շաբաթական 1-2 անգամ կազմակերպել բեռնաթափման օրեր, որոնց ընթացքում կարելի է ուտել միայն ձմերուկ։ Սակայն դա կարող է առողջական խնդիրների հանգեցնել։ 

Այս թեմային է անդրադարձել բժիշկ-փորձագետ Ալեքսանդրա Ֆիլևան, հաղորդում է gazeta.ru–ն։ 

«Ձմերուկը շատ ցածր կալորիականություն ունի, այն պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել. մեկ կտոր ձմերուկով մարդը կարող է ուտել իր օրական նորմայի մեկ երրորդը: Զարմանալի չէ, որ նման դիետայի դեպքում քաշը արագորեն նվազում է, բայց դա միայն մասամբ է, քանի որ մարդը հիմնականում ազատվում է ջրից: Բայց եթե նման դիետան չափազանց երկար տևի, ավելորդ հեղուկի հետ օրգանիզմից կարող են դուրս գալ նաև օգտակար միկրոտարրերը՝ կալիումը և կալցիումը», - զգուշացրել է փորձագետը: 

Նրա խոսքով, ձմերուկը հիմնականում բաղկացած ջրից, որում լուծված են պարզ շաքարները։ Բացի այդ, ձմերուկը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր։

«Ձմերուկը պարունակում է մեծ քանաի С վիտամին և B խմբի վիտամիններ, ֆոսֆոր, երկաթ և կարոտինոիդներ (վիտամին A-ի նախորդները), որոնք ապահովում են մաշկի առողջ գույն, օգտակար են նյարդային համակարգին, լավացնում են նյութափոխականությունն ու ամրապնդում են իմունիտետը։ Բացի այդ, ձմերուկը պարունակում է բջջանյութ, որը գրեթե չի մարսվում աղեստամոքսային տրակտում, օգնում է կարգավորել աղիների աշխատանքն ու խուսափել փորկապությունից։ Ձմերուկը պարունակում է նաև մեծ քանակի մագնեզիում, որը կարևոր է երիկամների առողջության համար, իսկ ձմերուկի մեջ բարձր խոնավության առկայությունը կանխում է քարերի առաջացումը», – նշել է բժիշկը։

Չնայած նման առավելություններին, ձմերուկի դիետան ունի նաև հակացուցումներ։

«Երիկամային ֆունկցիայի խանգարում ունեցող մարդիկ օրվա ընթացքում չպետք է միայն ձմերուկ ուտեն, քանի որ նրանք պարզապես չեն կարողանա օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը։ Բացի այդ, ձմերուկում կալիումի բարձր պարունակության պատճառով, երիկամային ֆունկցիայի խանգարում ունեցող մարդու արյան մեջ այս տարրի մակարդակը կարող է չափազանց բարձր լինել, ինչը կարող է առաջացնել թուլություն, մատների ծայրերի թմրություն և ծակծկոց, ինչպես նաև սրտի ռիթմի խանգարումներ։ Մարսողական համակարգի խանգարումներ ունեցող մարդկանց մոտ ձմերուկի չափից շատ օգտագործումը կարող է փորլուծություն առաջացնել։ Բացի այդ, ձմերուկն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, ուստի շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն դրա օգտագործումը», - զգուշացրել է Ֆիլևան։

Նա նաև նշել է, որ ձմերուկի դիետայի արդյունքում իսկապես քաշ կորցնելու համար պետք է դրան հետևել առնվազն մեկ շաբաթ, իսկ դա կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ։

«Ձմերուկով բեռնաթափման մեկ օրվա ընթացքում մարդը, ամենայն հավանականությամբ, չի նիհարի, բայց կկարողանա ազատվել ավելորդ ջրից՝ դա մոտ 1-2 կիլոգրամ է։ Եթե ավելի երկար հետևեք նման մոնոդիետային, կարող եք նիհարել, բայց դա արդեն ռիսկային է առողջության համար։ Փաստն այն է, որ ձմերուկում շատ քիչ սպիտակուց և ճարպ կա, ինչպես նաև անհրաժեշտ վիտամիններ և հանքանյութեր՝ նատրիում, վիտամին B12, ֆոլաթթուներ, առանց որոնց օրգանիզմի բնականոն գործունեությունն անհնար է։ Քաշը նվազեցնելու և առողջ քաշը պահպանելու համար կարևոր է հետևել բազմազան և բալանսավորված սննդակարգի, ինչը նշանակում է յուրաքանչյուր սննդընդունման ժամանակ օգտագործել սննդանյութերի բոլոր խմբերը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և չչարաշահել «ձմերուկով բեռնաթափման օրերը»», – եզրափակել է փորձագետը։