Բժիշկը բացատրել է, թե ինչու կարող է գրասենյակում գլխացավը կապված լինել օդորակիչի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Շոգից կտրուկ անցումը խիստ սառեցված տարածք կարող է առաջացնել անոթների սեղմում, ճնշման բարձրացում և գլխացավ, փոխանցում ՝ aif-ը՝ հղում անելով RT-ի զրուցակից՝ սրտաբան Նատալյա Վասյուկովային։
Բժշկի խոսքով՝ սառը օդի հոսքի տակ հայտնվելիս մաշկային ռեցեպտորները ազդանշան են փոխանցում նյարդային համակարգին, ինչից հետո անոթներն արագ սեղմվում են։ Դրա պատճառով սիրտը ստիպված է լինում աշխատել ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ ճնշումը կարող է բարձրանալ։
Նման իրավիճակում մարդը կարող է ճնշող ցավ զգալ քունքերում կամ ծոծրակում։ Հաճախ հայտնվում են աղմուկ ականջներում և «մժեղներ» աչքերի առջև։
Վասյուկովան նշել է, որ իրենց աշխատանքային պրակտիկայում հաճախ են լինում 45–60 տարեկան պացիենտներ, որոնց գլուխը ցավում է հենց աշխատանքային օրերին։ Ռեժիմի վերլուծության ժամանակ հաճախ պարզվում է միևնույն սցենարը․ շոգ փողոցում, կտրուկ մուտք՝ դեպի սառն օդափոխվող գրասենյակ և աշխատատեղ՝ ուղիղ օդորակիչի տակ։
Անոթների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել փողոցի և տարածքի ջերմաստիճանի տարբերությունը 5–7 աստիճանից ավելի չանել։ Մինչ հովացված գրասենյակ մտնելը կարելի է մեկ րոպե կանգնել ստվերում կամ նախասրահում։
Նաև չարժե նստել օդորակիչից փչող ուղիղ օդի հոսանքի տակ։ Ճնշման հետ խնդիրներ ունեցող մարդկանց մասնագետը խորհուրդ է տվել այն չափել առավոտյան և երեկոյան, իսկ դեղամիջոցների չափաբաժինը փոխել միայն բժշկի հետ միասին։
Վասյուկովան ընդգծել է, որ ամռանը օդորակիչից հրաժարվել պետք չէ, քանի որ գերտաքացումը սրտի համար ավելի վտանգավոր է, քան զովությունը։ Ամենակարևորը՝ տեխնիկան այնպես կարգավորելն է, որ այն ապահովի հավասարաչափ հովացում՝ առանց ջերմաստիճանային կտրուկ տատանումների։
Տվյալները միայն տեղեկատվական բնույթի են։ Բժշկական խորհրդատվության կամ ախտորոշման համար դիմեք մասնագետի։

