Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր չկան, ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ

24.07.2026, 20:49
Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն խմելու ջրի 2 նմուշում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր չկան, ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն խմելու ջրի կրկնակի վերցված երկու նմուշում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը  (ՀՎԿԱԿ)։

 Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերի մասին։ Հուլիսի 17-ի գիշերը շտապօգնությունը ստացել է 15 կանչ, 6 պացիենտ հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։

Ազգային կենտրոնի՝ հուլիսի 24-ի տվյալներով՝ հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։

ՀՎԿԱԿ-ը հայտնել է, որ այն 2 հասցեների բնակիչները, որոնց ջրի կրկնակի նմուշներում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, տեղեկացվել են հետազոտությունների արդյունքների մասին։

Ընդ որում, Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, որ ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:

ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով։

Կարդացեք նաև. Աղիքային վարակի դեպքեր՝ Բյուրեղավանում, շտապօգնության 15 կանչից 6 – ն ավարտվել է հոսպիտալացումով