Արյան «թաքնված» գործոն, որը կարող է կյանք փրկել. պարզաբանում է արյունաբանը

15.06.2026, 14:07
Արյան «թաքնված» գործոն և գենետիկ գաղտնիքներ․ ի՞նչ է իրականում արյան Rh-ը
Արյան «թաքնված» գործոն, որը կարող է կյանք փրկել. պարզաբանում է արյունաբանը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մարդիկ հաճախ գիտեն իրենց արյան խումբը, բայց ոչ բոլորը գիտեն՝ ինչ է նշանակում արյան դրական կամ բացասական ռեզուսը և ինչու է այդ առանձնահատկությունը կարևոր բժշկության մեջ։

Հարկ է նշել, որ մարդու արյունը բնութագրվում է ոչ միայն ռեզուս գործոնով, այլև արյան խմբով։ Առավել տարածված է ABO համակարգը, որի համաձայն տարբերում են արյան չորս խմբեր՝ O (առաջին), A (երկրորդ), B (երրորդ) և AB (չորրորդ)։ Արյան խումբը, ինչպես ռեզուս գործոնը, ժառանգվում է ծնողներից և մնում անփոփոխ ամբողջ կյանքի ընթացքում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան և բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Արմեն Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ է ռեզուս (Rh) գործոնը, ինչպես է այն ժառանգվում և ինչու է կարևոր իմանալ սեփական ռեզուս պատկանելությունը։

Ի՞նչ է ռեզուս գործոնը

Արյունաբանի խոսքով՝ ռեզուս (Rh) գործոնը որոշվում է արյան կարմիր բջիջների մակերեսին հատուկ սպիտակուցի՝ D անտիգենի առկայությամբ կամ բացակայությամբ։ Եթե այդ անտիգենը կա, մարդը համարվում է Rh դրական, եթե չկա՝ Rh բացասական։

Առաջին հայացքից սա կարող է թվալ պարզապես բժշկական նշում անալիզի պատասխանի մեջ, սակայն իրականում ռեզուս գործոնը կարևոր դեր ունի այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է ապահովել արյան կենսաբանական համատեղելիությունը։

Որքա՞ն տարածված են դրական և բացասական ռեզուսները

Մասնագետը նշում է, որ մարդկանց մեծ մասն աշխարհում ունի Rh դրական արյուն, իսկ Rh բացասական տարբերակը հանդիպում է ավելի քիչ հաճախությամբ։ Ընդ որում, ռեզուս գործոնի տարածվածությունը տարբեր է նաև աշխարհագրական և գենետիկական խմբերի միջև․ Rh բացասականությունն առավել հաճախ հանդիպում է եվրոպական ծագում ունեցող բնակչության շրջանում և զգալիորեն ավելի հազվադեպ է Ասիայի ու Աֆրիկայի մի շարք տարածաշրջաններում։ Սակայն սա չի նշանակում, որ որևէ տարբերակ «ավելի լավ» կամ «ավելի ուժեղ» է մյուսից։

Ռեզուս գործոնն ազդու՞մ է մարդու բնավորության և ունակությունների վրա

Արմեն Պետրոսյանի խոսքով, ռեզուս գործոնը չի ազդում մարդու բնավորության, ինտելեկտի, ունակությունների կամ կյանքի տևողության վրա․ այն պարզապես գենետիկորեն փոխանցվող առանձնահատկություն է։

Ինչպե՞ս են ժառանգում ռեզուս գործոնը

резус фактор

Հետաքրքիր է, որ ռեզուս գործոնը երեխան ժառանգում է ծնողներից, բայց այստեղ ամեն ինչ այնքան էլ կանխատեսելի չէ։

Օրինակ՝ երկու Rh դրական ծնողները կարող են նաև ունենալ Rh բացասական երեխա։

Ինչպես բացատրում է արյունաբանը, բանն այն է, որ դրական ռեզուս գործոնը դոմինանտ հատկանիշ է։ Սակայն եթե երկու ծնողներն էլ ունեն դրական ռեզուս, բայց հանդիսանում են բացասական ռեզուսի «թաքնված» գենի կրողներ, երեխան երկու ծնողներից կարող է ժառանգել հենց այդ «թաքնված» տարբերակը։

Այդ դեպքում Rh բացասական երեխա ծնվելու հավանականությունը կազմում է մոտ 25%։

Պետրոսյանի խոսքով, աա բացարձակապես նորմալ և գենետիկորեն բացատրելի երևույթ է։

Միֆ տարբեր ռեզուս գործոն ունեցող ամուսինների անհամատեղելիության մասին

Ի դեպ, նախկինում և այսօր էլ որոշ մարդկանց շրջանում տարածված է սխալ պատկերացում, թե դրական ռեզուս ունեցող տղամարդը չպետք է ամուսնանա բացասական ռեզուս ունեցող կնոջ հետ, քանի որ երեխայի պլանավորման կամ հղիության ընթացքում կարող են առաջանալ բարդություններ։

Սակայն ռեզուս գործոնների տարբերությունն ինքնին չի հանդիսանում ամուսնության կամ երեխա ունենալու խոչընդոտ։

Ի՞նչ պետք է իմանալ ռեզուս գործոնի մասին․ գլխավորը

Այսպիսով, ռեզուս գործոնը մարդու արյան կարևոր բնութագրիչներից է, որը կապված է ոչ թե մարդու առանձնահատկությունների կամ ապագայի կանխատեսումների, այլ կենսաբանական համատեղելիության և ժառանգականության հետ։

Իսկ դրա շուրջ տարիներ շարունակ ձևավորված որոշ պատկերացումներ այսօր արդեն ունեն գիտական բացատրություն։

Մասնագետներն այսօր կոչ են անում չառաջնորդվել տարածված կարծրատիպերով և ռեզուս գործոնի շուրջ ձևավորված միֆերով․ ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել հնարավոր ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան վերահսկողություն։