Լոռու մարզում 6 ամսում գրանցվել է 334 քրեական հանցագործություն, պարեկները կազմել են ավելի քան 45,000 արձանագրություն. ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թ.-ի առաջին կիսամյակի աշխատանքը։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը նշելով, որ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 334 հանցագործության դեպք է գրանցվել։
Սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Քրեական ոստիկանները սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք են բացահայտել։ Հաշվետու ժամանակահատվածում վնասազերծվել են հանցավոր կազմակերպություն և խմբավորումներ։ Նվազել են լատենտային հանցագործությունների հայտնաբերման դեպքերը։
Ընդհանուր առմամբ աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում գրանցված հանցագործությունները նվազել են 3,2 տոկոսով․ 210 հանցանքից բացահայտվել է 178-ը կամ 84,8 տոկոսը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նվազել են անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները, աճել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։
Առաջին կիսամյակի ընթացքում Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 240 դեպք, բացահայտվել՝ 84,6 տոկոսը։ Աճել են ընտանեկան և կենցաղային բռնության, մարդու և սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում գրանցվել է հանցագործության 74 դեպք, բացահայտվել՝ 57-ը։ Նվազել են մարդու, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Լատենտային բնույթի հանցատեսակներով աճ է արձանագրվել։
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության դեպքեր Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում չեն արձանագրվել։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 149 դեպք, բացահայտվել 119-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 79,9 տոկոս։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 117 հանցանքից բացահայտվել է 103-ը կամ 88 տոկոսը։ Նվազել են տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ մարդու դեմ ուղղվածները։
Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 4 դեպք է բացահայտվել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Արձանագրված 145 դեպքից բացահայտվել է 129-ը կամ 89 տոկոսը։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են մարդու դեմ ուղղված հանցանքները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները;
Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի սպասարկման տարածքում աճել են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։ Արձանագրվել է հանցագործության 80 դեպք, բացահայտվել՝ 73-ը։ Բացահայտման ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ հասնելով 91,3 տոկոսի։ Դրական դինամիկա է արձանագրվել լատենտային հանցատեսակների, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման ուղղությամբ։
Տարբեր վարչական իրավախախտումներով Լոռու մարզի պարեկները առաջին կիսամյակի ընթացքում կազմել են ընդհանուր 45274 արձանագրություն՝ 3994-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացահայտել են 88 հանցագործություն, այդ թվում՝ սառի զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Թեև ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն նվազել է դրանց հետևանքով զոհերի թիվը։

