Չորս մարմին է հայտնաբերվել Պակիստանի Բրոուդ Փիք լեռան վրա ձնահոսքից հետո. ևս վեց լեռնագնացի որոնում են

31.07.2026, 18:07
Պակիuտանցի փրկարարները հայտնաբերել են Բրոուդ Փիք լեռան վրա ձնահոսքի հետևանքով անհետ կորած տասը լեռնագնացներից չորսի մարմինները
Չորս մարմին է հայտնաբերվել Պակիստանի Բրոուդ Փիք լեռան վրա ձնահոսքից հետո. ևս վեց լեռնագնացի որոնում են

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պակիuտանցի փրկարարները հայտնաբերել են Բրոուդ Փիք լեռան վրա ձնահոսքի հետևանքով անհետ կորած տասը լեռնագնացներից չորսի մարմինները, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյաներին:

Որոնողական գործողությունները շարունակվում են, սակայն դրա անցկացմանը խանգարում են եղանակային բարդ պայմանները: Զոհվածների ինքնությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ: Փրկարարները փորձում են տարհանել հայտնաբերված մարմինները:

Պակիuտանի Գիլգիթ-Բալթիստան տարածաշրջանի զբոսաշրջության դեպարտամենտի փոխտնօրեն Սաջիդ Հուսեյնը Reuters-ին հայտնել է, որ մյուս վեց լեռնագնացների որոնումները կենտրոնացած են դժվարանցանելի լեռնային տեղանքում:

Անհետ կորածների թվում է նեպալցի հայտնի լեռնագնաց Նիրմալ Պուրջան, ով հայտնի է նաև որպես Նիմս Դայ: Նա գլխավորում էր տասը հոգուց բաղկացած միջազգային արշավախումբը, որի հետ կապը կորել էր ձնահոսքից հետո:

Պակիuտանի Ալպիական ակումբի տվյալներով՝ խմբի կազմում ընդգրկված էին հինգ նեպալցի լեռնագնաց, պակիuտանցի Սոհայիլ Սաքհին, մարզիկներ Օմանից, ԱՄՆ-ից և Չինաստանից, ինչպես նաև ևս մեկ օտարերկրացի մասնակից, ում քաղաքացիությունը չի նշվում: Փրկարարական օպերացիայում ներգրավված են Պակիuտանի բանակային ավիացիայի ուղղաթիռներ:

8047 մետր բարձրություն ունեցող Բրոուդ Փիքը գտնվում է Կարակորում լեռնահամակարգում և աշխարհի 12-րդ ամենաբարձր գագաթն է:

43-ամյա Նիրմալ Պուրջան սահմանել է համաշխարհային մի քանի ռեկորդ: 2019 թվականին նա նվաճել է բոլոր 14 ութհազարանոցները վեց ամսում և վեց օրում, իսկ 2021 թվականին նեպալցի լեռնագնացների թիմի կազմում կատարել է К2 (աշխարհում բարձրությամբ երկրորդ լեռը) գագաթի պատմության մեջ առաջին ձմեռային վերելքը: