ՊՆ–ն առաջարկում է ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության տարիքային առավելագույն շեմը բարձրացնել մինչև 45 տարեկան
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգի փոփոխությունների նախագիծ։
Նախագծով առաջարկվում է գումարտակի, դիվիզիոնի կամ էսկադրիլիայի հրամանատարի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնողների համար բարձրագույն ռազմական կրթական ծրագրերի ընդունելությանը մասնակցելու տարիքային առավելագույն շեմը 40-ից բարձրացնել մինչև 45 տարեկան, իսկ նրանց տեղակալների համար` 37-ից բարձրացնել մինչև 45 տարեկան։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը պայմանավորված է արհեստավարժ զինված ուժերի ձևավորման և ռազմական կրթության զարգացման անհրաժեշտությամբ։
Բացի այդ, որոշման նախագծով ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգի դրույթները համապատասխանեցվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի կարգավորումներին։
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեում փոփոխությունների չի հանգեցնում։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև օգոստոսի 12-ը։

