Չենք ուզում ԵԱՏՄ–ն փլուզվի, ուզում ենք մնա, ԵԱՏՄ–ի մասին ենք մտածում, որովհետև դա մեր կազմակերպությունն է․ Պապոյան

31.07.2026, 21:46
Հայաստանը չի ուզում, որ ԵԱՏՄ–ն փլուզվի, ուզում է, որ մնա, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Չենք ուզում ԵԱՏՄ–ն փլուզվի, ուզում ենք մնա, ԵԱՏՄ–ի մասին ենք մտածում, որովհետև դա մեր կազմակերպությունն է․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը չի ուզում, որ ԵԱՏՄ–ն փլուզվի, ուզում է, որ մնա, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Չենք ուզում ԵԱՏՄ–ն փլուզվի, ուզում ենք ԵԱՏՄ–ն մնա, ԵԱՏՄ–ի մասին ենք մտածում, որովհետև ԵԱՏՄ–ն մեր կազմակերպությունն է», – հայտարարեց Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջոցներ ձեռնարկել ռուսական շուկա հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումների խնդիրը կարգավորելու համար: Հուլիսի 30-ին նա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունը դե ֆակտո գտնվում է կոլապսի վիճակում, քանի որ ԵԱՏՄ պայմանագրի դրույթները չեն կատարվում:

Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին 

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով ֆիտոսանիտարական պահանջների խախտումներով:

Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորացրած մրգերը, ավելի ուշ՝ կենդանի ձուկն ու ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: